ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում նշել է, որ շատ դժվար զրույց է ունեցել Զելենսկու հետ և հերթական անգամ զգուշացրել նրան, որ Կիևը հաղթաթղթեր չունի: ԱՄՆ-ի նախագահը խոսել է նաև Ռուսաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների կիրառման մասին, շեշտելով, որ հարցը քննարկվում է, և դրանք կարող են կիրառվել։ «Ես միշտ դա պահուստում ունեի։ Անհրաժեշտության դեպքում կօգտագործեմ։ Ես կնախընտրեի դա չօգտագործել։ Ի դեպ, դա շատ կարևոր է»,- հավելել է Թրամփը։               
 

«Անուշը» մեր օպերային արվեստի դեմքն է»

«Անուշը» մեր օպերային արվեստի դեմքն է»
18.07.2017 | 09:57

«Իրատեսի» զրուցակիցը Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի մեներգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր ՄԵՐԻ ՄՈՎՍԻՍՅԱՆՆ է: Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերայում երիտասարդ երգչուհին հանդես է եկել գլխավոր դերերգով` արժանանալով հանդիսատեսի համակրանքին և ուշագրավ գնահատականների:

-Մերի, ինձ պատմել են, որ կոնսերվատորիայում ընդունելության քննության ժամանակ, երբ Ձեզ հարցրել են` «Ո՞վ է ասել, որ դու լավ ձայն ունես», պատասխանել եք` «Ներքին ձայնս»: Հետաքրքիր է` ինչպիսի՞ն կլիներ Ձեր պատասխանը հիմա` հետադարձ հայացքով:
-Երբ վերանայում եմ ընտրածս ճանապարհը, զգում եմ, որ ինձ համար թեև բարդ, բայց ճիշտ որոշում էր: Պատասխանս նույնը կլիներ:
-Ձեր առաջին մեծ դերը Անուշն է: Գիտեի՞ք, որ մի օր կատարելու եք Անուշի դերերգը, թե՞ անսպասելի էր առաջարկը:
-«Անուշը» մեր օպերային արվեստի դեմքն է: Ցանկացած հայ երգչուհու համար Անուշի դերերգն առանձնահատուկ նշանակություն ունի, ինձ համար` նույնպես: «Անուշն» իմն էր, ես զգում էի և միշտ էլ ցանկացել եմ երգել, բայց չէի սպասում, որ այդքան շուտ կիրականանա երազանքս:
-Ձեզ համարում են մեր ժամանակի ամենալավ Անուշը: Մտածե՞լ եք` ո՞ր դերերը նման մեծ հաջողությամբ կկատարեիք:
-Բարձր գնահատական լսելը մեծ պատասխանատվություն է: Կարծում եմ` դեռ երկար ճանապարհ պիտի անցնեմ, որ արժանի լինեմ այդպիսի գնահատականի: Ինչ վերաբերում է այլ դերերին, կարող եմ միայն ասել, որ դերերի մի շարք կա, որը կցանկանայի կատարել:
-Ինչպիսի՞ն է Անուշը` ըստ Ձեզ: Այսօրվա երիտասարդին հետաքրքիր կլինի՞ Անուշի ու Սարոյի պատմությունը:
-Այո՛, սիրո թեման երբեք չի հնանում: «Անուշը» հայկական օպերայի ամենաշատ կատարված նմուշներից է, ինչը խոսում է հանդիսատեսի հետաքրքրության մասին:
-Երբ «Անուշը» փորձեցին ժամանակակից լուծումներով ներկայացնել, բողոքի ալիք բարձրացավ: Ինքներդ ի՞նչ կարծիք ունեք նորարարության, համարձակ մեկնաբանությունների մասին:
-Ես սիրում եմ «Անուշի» դասական տարբերակը: Թեև նոր մեկնաբանություններն էլ իրենց տեղն ունեն:
-Որո՞նք են այն կերպարները, որ ցանկանում եք մարմնավորել Ձեր բեմական գործունեության ընթացքում: Ի՞նչը կարող է խոչընդոտել, որ դրանք իրականություն դառնան: Իբրև օրինակ, եթե Անուշ չխաղայիք հիմա, 10-20 տարի հետո զուտ տարիքային տարբերությունը խոչընդոտ չէ՞ր դառնա:
-Շատ դերեր կան, որ կուզեի կերպավորել՝ Մոցարտի, Պուչինիի, Վերդիի և այլ կոմպոզիտորների օպերաներում: Կարծում եմ` ամեն ինչ իր ժամանակն ունի: Դժվարանում եմ խոսել տասը-քսան տարի հետոյի մասին, սակայն վստահ եմ, որ արդեն երգածս դերերն այլ կերպ կերգեմ:
-Անուշի դերերգը Ձեզ վստահել է Գեղամ Գրիգորյանը, հարցազրույցներից մեկում նշել եք, որ նա Ձեզ տեսել է նաև Ջուլիետի կերպարում: Այդ տեսլականը ե՞րբ իրականություն կդառնա:
-Գեղամ Գրիգորյանը հայ մեծագույն երգիչներից մեկն էր, նրա անունը թանկ է ինձ համար: Ինչ վերաբերում է Ջուլիետի դերին, կուզեմ, որ այդ օրը շուտ գա:
-Հիասթափություններ, անհաջողություններ եղե՞լ են մեծ բեմ տանող ճանապարհին:
- Առանց դրանց չի լինում: Եթե ընտրել ես այս ճանապարհը, պատրաստ պետք է լինես դժվարություններին: Կարևոր է չկորցնել լավատեսությունը և շարունակել աշխատել:
-Ի՞նչ կասեք ծրագրերի մասին:
-Շուտով համերգներով հանդես կգամ արտերկրում:

Ճեպազրույցը`
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 5710

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ